Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվել է «Հայկական ճարտարապետական կոթողների պահպանումը Իրանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդես:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր խոսքում նշեց, որ ընտրությունը դժվար էր կատարել, որովհետև Իրանում մեծ թիվ են կազմում հայկական հուշարձանները: Ընտրել են ամենակարևորները, որ պատկերացում կազմվի, թե ինչ հարուստ նյութական ժառանգություն ունենք Իրանի տարածքում:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մաջիդ Մեշքին ասաց, որ ներկայացված են այն հուշարձանները, որոնք ԻԻՀ-ն վերանորոգել է, կամ որոնք տեղ են գտել Իրանի ազգային ֆոնդում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը նկատեց, որ Իրանի հետ իրականացվող ծրագրերը բազմատեսակ են` ցուցահանդեսներ, ձեռագրերի ուսումնասիրություն և այլն: Սակայն առանձին տեղ ունի պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտը: Իրանի կառավարության կողմից մեր հուշարձանների պահպանումը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու գործընթացը նա համարում է իմաստուն մոտեցում. «Նույն կերպ մենք ենք վերաբերվում Հայաստանում գոյություն ունեցող այլ մշակույթների արժեքներին»:
Փոխնախարարն ընդգծեց, որ հայկական կողմը նախաձեռնել է Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը, ինչին աջակցելու է նաև Իրանի Հանրապետությունը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը։ Կազմակերպիչը Իրանի Իսլամական Հանրապետությունն է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ